Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում տվյալներ են ստացվել միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավման մասին, որոնք դարձվել են քննության առարկա (լուսանկարներ)։ Այս մասին հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեն։
ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները համագործակցում են Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների հետ։
Սպանության դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ (7 անձ), Մարտունի (6 անձ), Հադրութ (6 անձ) և Մարտակերտ (3 անձ) քաղաքներում, Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում (1 անձ) և Մեծ Շեն համայնքին հարակից վայրում (1 անձ), Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում (1 անձ):
Մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր առմամբ 100-ից ավելի քաղաքացիական անձինք, որոնցից 80-ից ավելին ստացել են լուրջ վնասվածքներ։
Քրեական գործի շրջանակներում իրականացվում են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ, որոնց արդյունքների մասին պարբերաբար կտրամադրվի տեղեկատվություն։