Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ-ը։
«Ավելորդ է նշել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության այդ պնդումը չի կարող որևէ հիմնավորում ունենալ։ Փաստացի, այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրեն թույլ է տալիս թիրախավորել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող և բնականոն մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա։
Վերահաստատելով, որ մինչև այս պահը Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ, արկ կամ գնդակ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ, միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ այսուհետ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իրենց իրավունք են վերապահում նույն տրամաբանությամբ թիրախավորել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ կամ ռազմական տեղաշարժ։
Մարտական գործողությունների գոտին և տրամաբանությունը փոխելու գործընթացի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։
Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան»,- հայտնել է ՊՆ պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ին, ագրեսիա են իրականացրել Արցախի Հանրապետության դեմ: Երկու շաբաթ տեւած կատաղի մարտերից եւ միջազգային հանրության Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատելու կոչերից հետո Մոսկվայի նախաձեռնությամբ ու միջնորդությամբ հոկտեմբերի 9-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները բանակցություններ անցկացրեցին:
ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մոտ 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել էին 2020 թվականի հոկտեմբերի 10-ից՝ ժամը 12։00-ից հումանիտար հրադադար հաստատել:
Չնայած ձեռք բերված պայմանավորվածությանը՝ մարդասիրական հրադադարն այդպես էլ չի հաջողվել հաստատել՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները չդադարեցնելու պատճառով։