Արցախի և Ադրբեջանի շփման գծում վաղ առավոտից վերսկսվել են Ադրբեջանի զինված ուժերի հարձակողական գործողությունները, որոնք շարունակվում են մինչ այս պահը: Այս մասին հոկտեմբերի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ գործողությունների ընթացքում Ադրբեջանի կողմից կիրառվել է նաև օդուժ:
«Այսօր վաղ առավոտից Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են հարձակողական գործողությունները, հատկապես հյուսիսային ուղղությամբ և հարավային ուղղությամբ: Երկու ուղղություններով համառ հարձակումներ են փորձել զարգացնել, ընդ որում՝ փորձել են զարգացնել հիմնականում հրետանու հուժկու, ինտենսիվ կրակոցի պարագայում` հետևակով, զրահատեխնիկայի մինիմալ կիրառությամբ, շատ մեծ խտությամբ շարակազամերով, մարտակարգերով, որոնց մեր զինված ուժերը պատճառել են մեծ կորուստներ, հետ են շպրտել՝ աներեր կանգնելով: Բավական մեծ են Ադրբեջանի ԶՈւ կորուստները կենդանի ուժի տեսանկյունից այսօրվա ու երեկվա ընթացքում: Օրվա ընթացքում կիրառվել է նաև օդուժ, որոնք մեծ հաջողության չեն հասել իրենց գործողություններով»,- ասաց Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին ևս մարտերը շարունակվում են, սակայն երեկոյան ժամերին մի փոքր հարձակումների ինտենսիվությունը նվազում է:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 532 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: