Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ այսօր` ժամը 19:00-ին, հերթական անգամ խախտվել է հումանտիտար հրադադարը. նշանակետում Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքն է եղել:
ՊՆ խոսնակը, հղում կատարելով Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը, տեղեկացնում է, որ Ադրբեջանը «Սմերչ» կասետային հրթիռներով հրթիռակոծել է համանքը, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է մեկ խաղաղ բնակիչ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 604 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: