ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հարցազրույցն է տվել, այս անգամ՝ շվեյցարական RTS հեռուստաալիքին։
«Ես կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի մեծ դեր ունենա Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման, տարածաշրջանում կայունության եւ խաղաղության վերականգնման գործում, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր։ Եվ, քանի որ Ռուսաստանը երեք համանախագահ երկրներից ամենամոտն է մեր տարածաշրջանին, մյուս երկու համանախագահները՝ Ֆրանսիան և ԱՄՆ – ը, պետք է աջակցեն Ռուսաստանի ջանքերին՝ ուղղված տարածաշրջանի կայունացմանը”, – ասել է ՀՀ վարչապետը։
Նա նաեւ նշել է, որ «բացահայտ ակնարկներ» են արվում այն մասին, որ եթե տարածաշրջանում իրավիճակը էլ ավելի բարդանա, Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ը կկատարեն իրենց պարտավորությունները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։ Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին, սակայն այն խախտվել է Ադրբեջանի կողմից։