Լեռնային Ղարաբաղ։ Շփման գծում գարշահոտություն է։ Գրոհայինների մարմիններն այնտեղ են արդեն շաբաթներ։ Հայերն անպաշտպան են ադրբեջանական ԱԹՍ-ների դեմ, որոնք թռչում են նրանց գլխավերևում ու հարվածներ հասցնում այնտեղ, որտեղ ցանկանում են։ Այսպես է սկսել իր հոդվածը The New York Times-ի լրագրող Անտոն Տրոյանովսկին, որն այս օրերին գտնվում է Արցախում։ Նա զրուցել է արցախցիների հետ, ներկայացրել այնտեղ տիրող վիճակը։ Ինչպես նշել է լրագրողը, արցախցիների խոսքով՝ Ադրբեջանն այս պատերազմում ներգրավել է մեծ թվով գրոհայիններ։ Արցախի բնակչները ստիպված են ապրել իրենց խոնավ և չջեռուցվող նկուղներում և քնել հարթեցված ստվարաթղթե արկղերի վրա։
Լրագրողը զրուցել է ճարտարապետ Մանուշակ Տիտանյանի հետ, ով նշել է, որ իր երեք որդիներն այժմ պատերազմի դաշտում են, իսկ ինքն այս օրերին զինվորական համազգեստ է կարում Ստեփանակերտի կարի ֆաբրիկայում։
Հոդվածի հեղինակը նախ մանրամասն ներկայացրել է, թե երբ ու ինչպես է սկսվել այս հակամարտությունը, ապա՝ թե ինչ է կատարավում այնտեղ այսօր։
«Կասպից ծովում նավթագազային հանգույց հանդիսացող Ադրբեջանը օգտագործում է անօդաչու թռչող սարքեր և հրետանային համակարգեր, որոնք գնում է Իսրայելից, Թուրքիայից և Ռուսաստանից: Բայց հակամարտության սկսվելուց երեք շաբաթ անց Ադրբեջանը չկարողացավ այդ առավելությունը վերածել տարածքային լայն նվաճումների, ինչը վկայում է այն մասին, որ մոտենում է երկար ու պատժիչ պատերազմը։ Դա կարող է վերաճել ավելի լայնածավալ պատերազմի Ադրբեջանի գլխավոր գործընկեր և ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային դուրս բերելով Ռուսաստանի դեմ,- նկատել է The New York Times-ի հոդվածագիրը։