Ֆրանսիայի տարբեր կուսակցությունների 22 խորհրդարանականներ Ֆրանսիայի խորհրդարան Արցախի անկախության ճանաչելու մասին բանաձև էին ներկայացրել։
Nouvelles d’Arménie-ի հետ զրույցում լուրը մեկնաբանել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։
«Եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը ԼՂ ճանաչումն է, մենք չպետք է հապաղենք»,– ասել է նա։
Քաղաքապետը հիշեցրել է, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հարցի լուծումը դիտարկում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ «Ես չեմ ուզում խանգարել կամ խոչընդոտել Ֆրանսիայի` խաղաղ լուծում գտնելու ջանքերին»,– ասել է Իդալգոն։
«Թուրքիայի ներգրավումը հակամարտության մեջ, ցավոք, հայերի մոտ արթնացնում է ցեղասպանության հիշողությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում»,- նշել է քաղաքապետը։
Նա շեշտել է, որ Բաքուն այս հակամարտության ակնհայտ ագրեսորն է` իր մեջքին ունենալով Թուրքիայի աջակցությունը: