Հայաստանը երեկ կրկին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների կամայական գնդակահարությունների, դիակների խոշտանգումների, գլխատումների դրվագների վերաբերյալ տարածվող տեսանյութերի փաստով։ Այս մասին ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
«Այդ ամենն ուղղակի մարդու իրավունքների տեսանկյունից անընդունելի են։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ մենք դիմել ենք ՄԻԵԴ՝ կիրառված միջանկյալ միջոցի շրջանակներն ընդլայնելու խնդրանքով: Դատարանի կողմից առաջիկա օրերին պատասխան ենք ակնկալում: Հուսանք, որ այն կլինի դրական։ Սա կարևոր քայլ է»,- նշեց նա։
ՄԻԵԴ-ին դիմել են նաև Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու խնդրանքով, որպեսզի կանխվի վերջինիս ուղղակի և անուղղակի մասնակցությունն արցախյան պատերազմին։