Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ պաշտոնական կայքը։
Նախարար Մնացականյանն իր էստոնացի գործընկերոջն իրազեկեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի, մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվող պատերազմի հանցագործությունների մասին, որոնք արտահայտվում են խաղաղ բնակչության, քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, սեփական հսկողության տակ հայտնված հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքով և դաժան սպանություններով, մշակութային, կրոնական և պատմական կոթողների շարունակական և դիտավորյալ հրթիռակոծմամբ։
Զրուցակիցները երկուստեք ընդգծեցին կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը։ Նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը կայուն և կրակի դադարեցման վերիֆիկացվող ռեժիմի հաստատման անհրաժեշտության վերաբերյալ։