Հակառակորդի բռունցքներն այն աստիճան են մաշվել, որ բոլոր ճիգերը գործադրում է՝ մեկ ուղղությամբ առաջ գնալու համար։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ այս պահին հյուսիսային ուղղությամբ իրավիճակն ավելի հաջող է. «Հյուսիսային ուղղությամբ մոտ մեկ շաբաթ առաջ 3 օր անդադար մոտավորապես մի քանի հարյուր միավոր հրետանային միջոցներից ժամուկես հրետանային պատրաստություն արեցին, որպեսզի ճեղքում իրականացնեն 2-3 դիրքի ուղղությամբ։ Մեկ դիրքի ուղղությամբ 700-ից 800 գրոհային եկավ եւ չկարողացան ճեղքել, հետ շպրտվեցին՝ ձորակի մեջ թողնելով 200-ից 300 դի։ Տեսնելով որ հաջողության չեն հասնում, ենթադրում եմ, որ որոշեցին հարավ իջնել»։
Անդրադառնալով հայկական կողմի կորուստներին՝ Հովհաննիսյանն ասաց. «Բնականաբար մենք էլ ենք կորուստներ կրել։ Հազարավոր միավոր տեխնիկա մենք ենք իրենց խոցել, իրենք՝ մեզ, ավտոտեխնիկա է խոցվում, կամուրջներ են խոցվում»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 772 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից: