Ռազմավարական առումով, այս պատերազմը խելահեղություն է, և քաղաքացիական բնակչությունը վճարում է Ալիևի խելահեղ երազանքի համար։ Այս մասին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ բրիտանական հեղինակավոր «Ինդիփենդնթ» (The Independent) պարբերականին տված հարցազրույցում։
Պատասխանելով հարցին, թե զգացողությունն այնպիսին է, որ պատերազմը վերածվել է մի գործընթացի, որի նպատակն է տեսնել, թե կռվող կողմերից որն ավելի շուտ կսպառվի, բայց միևնույն ժամանակ զգացողություն է, որ հայկական բանակը պարտվում է, Սարգսյանը նշել է․ «Ադրբեջանի նախագահը շարունակաբար խոստանում էր իր ժողովրդին, որ իր բանակը շատ արագ կարող է գրավել Լեռնային Ղարաբաղը, եթե նրանք այդպես ցանկանան։ Հիմա նրանք օգտագործում են իրենց զինանոցում առկա բոլոր զենքերը, ներառյալ Թուրքիայի կողմից ուղարկված ԱԹՍ-ներ և վարձկաններ, սակայն երեք շաբաթվա ընթացքում նրանց հաջողվել է ընդամենը մեկ ուղղությամբ բավականին խորանալ, և սա դեռ չի նշանակում պատերազմի ավարտ: Հայկական բանակը մարտունակ բանակ է` իր հազարավոր պրոֆեսիոնալ, իրենց գործին նվիրված, երկու պատերազմների փորձ ունեցող սպաներով և գեներալներով, տասնյակ հազարավոր քաջ զինվորներով և պաշտպանական պատերազմի համար բավարար սպառազինությամբ: Բայց, ափսոս, շատերը զոհվեցին` պաշտպանվելիս մեծ կորուստ պատճառելով ադրբեջանական զինված ուժերին և վարձկաններին»։
Սարգսյանը նշել է, որ իր իրավահաջորդ իշխանությունը չգնաց այն ճանապարհով, որով իրենք հաջողությամբ ընթանում էինք երկար ժամանակ և որոշեց բանակցությունները սկսել սեփական կետից:
«Իրական խաղաղությունը միայն հնարավոր է բանակցությունների միջոցով։ Դրան հնարավոր էր հասնել, օրինակ, Կազանում։ Տարիներ շարունակվող, ինչպես առաջընթաց, այնպես էլ հետընթաց արձանագրած բանակցությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համաձայնել են փաթեթային լուծմանը 2011թ․ հունիսին. Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահները իրենց գոհանակությունն արտահայտեցին շրջադարձային առաջընթացի վերաբերյալ: Ռուսաստանը հանդես եկավ հանրային հայտարարությամբ, և Ադրբեջանի նախագահն ու ես հրավիրվեցինք Կազան՝ ձեռք բերված համաձայնությունը հաստատելու նպատակով: Երբ բոլորս նույն հարկի տակ էինք, Ալիևը մի թուղթ հանեց գրպանից՝ տասնյակից ավելի էական փոփոխություններով։ Այդ բոլոր դրույթները ամիսներ շարունակ քննարկվել էին կողմերի միջև բանակցությունների ընթացքում և մանրակրկտորեն պարզաբանված կամ հեռացված էին պատշաճ կերպով ձևակերպված փաստաթղթում: Բոլորը ցնցված էին, և չնայած միջնորդների հիասթափությանը՝ Ալիևը հայտարարեց, որ չի տալու իր համաձայնությունը փաստաթղթին»,-նշել է Սարգսյանը:
Նա նաև նշել է, որ համաձայն չի, որ Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը: «Այո, 2016-ին Ալիևը խախտեց զինադադարը և հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա: Մենք խիզախորեն պաշտպանվեցինք, չկորցրեցինք որևէ բնակավայր, և Ալիևը ստիպված էր վերահաստատելու 1994թ. Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից կնքված զինադադարը: Այնուհետև, ռազմական գործողություններից շաբաթներ հետո, Վիեննայում և Սանկտ Պետեբուրգում Մինսկի խմբի համանախագահները որոշեցին հարգել 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերը, միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծել և ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունները. Եվ չնայած Ալիևը դժվարությամբ էր համաձայնվում դրան, մենք բանակցությունները շարունակում էինք միջնորդների` Մինսկի խմբի համանախագահների միջոցով»,-մեկնաբանել է նա։
Ըստ Սարգսյանի՝ պատահական չէ, որ 2016թ. լայնածավալ ռազմական գործողություններից ամիսներ հետո` հոկտեմբերին, Ադրբեջանի նախագահը իր կառավարության նիստում հայտարարեց (խոստովանեց), որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել ԼՂ անկախությունը: «Ես գտնում եմ, որ բանակցային գործընթացի վերը նշված մոտեցումները անկյունաքարային են, և նաև հենց այս պատճառով երկու ժամկետ նախագահական լիազորությունների ավարտից հետո համաձայնվեցի ընտրվել ՀՀ վարչապետ, որովհետև համոզված էի, որ գլխավոր բանակցողների փոփոխությունը բերելու էր աղետալի հետևանքների: Շարունակականությունը կենսական նշանակություն ուներ»,-ընդգծել է նա։
Երրորդ նախագահը նշել է նաև, որ իր թիմը և ինքը, նաև այլ ընդդիմադիր քաղաքական ուժեր բազմաթիվ անգամներ դիմել ենք ինչպես ներկայիս իշխանությանը, այնպես էլ ԼՂ նախագահին` առաջարկելով մեր ծառայությունները, բայց վերջիններս իրենց հետ կապ չհաստատեցին: