Մարտական գործողությունների ընթացքում հրետանու հստակ և պլանաչափ աշխատանքը բարձր վարպետությամբ իրականացնելու համար, ինչի շնորհիվ ջախջախվել են թշնամական մեծաթիվ ուժեր, գնդապետ Արշավիր Անատոլիի Ղուլյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի: Այս մասին հայտնում են Պաշտպանության բանակից։
Նույնատիպ պետական պարգևի է ներկայացվել նաև փոխգնդապետ Մանուկ Աշոտի Մելքոնյանը՝ յուրային ուժերի բնագծերը հարավարևելյան ուղղությամբ հերոսաբար պաշտպանելու համար:
Տանկային անձնակազմով թշնամական մեկ տանկ ոչնչացնելու և այլ արդյունավետ գործողությունների համար ավագ սերժանտ Արման Հրանտի Ներսիսյանը, շարքային Նարեկ Արայի Ավագյանն ու շարքային Արտյոմ Ջոնիկի Ադամյանը կպարգևատրվեն «Արիության համար» մեդալներով:
Հակառակորդի կրակի տակ շտապ օգնության մեքենայով վիրավոր զինծառայողների տարհանումը իրականացնելու համար ավագ-սերժանտ պայմանագրային Կարեն Էդուարդի Փաթյանը ներկայացվել է «Արիության համար» մեդալի:
Թշնամական Դ-30-ի կրակային դիրքը, հրետանային դիտակետեր ու շարասյուներ ոչնչացնելու համար ավագ սերժանտ Ավագ Գագիկի Մինասյանը, շարքային Սմբատ Վովայի Առաքելյանը, սերժանտ Մհեր Աշոտի Աղաջանյանն ու կրտսեր սերժանտ Սևակ Գրիշայի Մարգարյանն ու սերժանտ Սամվել Գարիկի Լալաբեկյանը հանրապետության նախագահի կողմից կպարգևատրվեն «Մարտական ծառայություն» մեդալներով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից: