Պաշտպանության բանակի զորամասերի հրամանատարներ, գեներալ-մայոր Կարեն Շահենի Շաքարյանին և փոխգնդապետ Հունան Նելսոնի Հայրումյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։ Համապատասխան որոշումը ստորագրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
Որոշման մեջ, մասնավորապես, նշված է․
«Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 21-րդ կետով և հիմք ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևների մասին» օրենքը՝ այսօր որոշում եմ կայացրել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զորամասերի հրամանատարներ, գեներալ-մայոր Կարեն Շահենի Շաքարյանին և փոխգնդապետ Հունան Նելսոնի Հայրումյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում` հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշաններ։
Փա՛ռք Հայոց Բանակին»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից: