Առյուծի նման տղերք ունենք, որոնք, բառի բուն իմաստով, առյուծի նման էլ կռվում են: Եվ մենք նրանց պիտի պատշաճ գնահատանքի արժանացնենք՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ:
Իսկ ովքեր որևէ պատճառով լքել են իրենց վստահված տեղը, ըստ Փաշինյանի, պետք է իմանան՝ արժանանալու են հանրային պարսավանքի, և որևէ պատճառաբանություն չի ընդունվելու։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանում չպետք է լինի բժիշկ, որ պատրաստ լինի թեկուզ իր ամենահարազատին, իր որդուն տալ տեղեկանք, թե կորոնավիրուսով հիվանդ է, և չպետք է լինի մարդ, որ ձեռքը պարզի և այդ տեղեկանքը վերցնի։
«Մենք բոլորս պետք է պատրաստ լինենք կանգնելու, ինչը չի նշանակում, որ մենք չպետք է պատրաստ լինենք փոխզիջման։ Ընդհակառակը, որպեսզի մենք այսօր փոխզիջումային լուծման հասնելու հնարավորություն ունենանք, պետք է կանգնենք, որովհետև Ադրբեջանը համաձայն է միայն Ղարաբաղի կապիտուլյացիային և հայտարարում է, որ այս ճանապարհին գնալու է մինչև վերջ։
Որպեսզի հնարավոր դարձնենք փոխզիջումը, կառուցողական խոսակցությունը, մենք պետք է կանգնենք, և մեզնից յուրաքանչյուրը պետք է իմանա, որ չկա մեկը, որ գնալու է այդ հարցը լուծի։ Ամեն մեկս՝ ազգովի, ՀՀ-ում, Սփյուռքում, ամենուր, կին, տղամարդ, կանգնեցինք՝ մենք Ադրբեջանի հետ կարող ենք կառուցողական երկխոսություն ծավալել, չկանգնեցինք՝ ուրեմն փախչելու տեղ էլ չի լինի»,- ասաց վարչապետն ու ընդգծեց, որ մեր շահերի եզրագծին ենք գտնվում։
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց գնալ զինկոմիսարիատներ և զինվորագրվել հայրենիքի պաշտպանության համար։ «Այսօր ամբողջ Հանրապետությունը պիտի այս ռեժիմի մեջ լինի, այսօր պիտի զինկոմիսարիատների առաջ տեղ չլինի՝ դիմակներով հերթեր գոյացած լինեն։
Շատ լավ է, կամավորագրումը գնում է: Շնորհակալ եմ արձագանքած քաղաքացիներին, բայց ես ուրիշ բան եմ ասում. պիտի տեղ չլինի, 24 ժամ պիտի հերթեր լինեն, մարդիկ պիտի պատրաստ լինեն ՊԲ հրամանատարի ցանկացած հրաման կատարելու, որովհետև այսօր մեր ժողովրդի ճակատագիրն է որոշվում, և չկա ավելի լավ տարբերակ, քան ճակատագրի ղեկը սեփական ձեռքը վերցնել»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետը կանանց խնդրեց քաջալերել տղամարդկանց. «Կանայք ոչ թե պայքարից պետք է հետ պահեն, այլ՝ ընդհակառակը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից:
Հոկտեմբերի 26-ին արդեն ԱՄՆ ջանքերով հայտարարվեց երրորդ զինադադարի հաստատման մասին, որը, ինչպես պարզվեց, կրկին տապալվեց թշնամական գործողությունների արդյունքում։