Երեկ ամերիկյան բլոգներից մեկը հրապարակեց լուսանկար, որում երևում էին Ադրբեջանի օդանավակայանում կանգնած F-16-երը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հայկական կողմը նույնպես ապացույցներ ունի, թե ինչպես է հակառակորդը կիրառում դրանք:
Ինչ վերաբերում է ադրբեջանական ղեկավարության սպառնալիքներին, Հովհաննիսյանն ասաց, որ ՊԲ ստորաբաժանումները չեն վախենում այդ սպառնալիքներից, քանի որ դրանց ականատես են արդեն մեկ ամիս:
«Արցախի ռազմական ղեկավարությունը տիրապետում է իրավիճակին, հետևում ենք Ադրբեջանի գործողություններին, քայլերին և որոշ տեղերում ստիպված ենք լինում զիջել դիրքերը, քանի որ հակառակորդի ուժերը մի քանի անգամ ավելի շատ են, և դա արվում է զոհերից խուսափելու համար: Սակայն վստահեցնում եմ, որ մեր գեներալները, սպաները քաջ են և մշտապես կանգնած են զինվորի կողքին»,- ասաց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով հայկական արտադրության ԱԹՍ-ներին՝ ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ դրանց կիրառությունը, ցավոք մեծ չէ, բայց դրանք ունեն իրենց դերակատարությունը: «Հայկական միտքն այդ ուղղությամբ շարունակում է աշխատել»,- ասաց նա:
Իսկ զորահավաքը, ըստ Հովհաննիսյանի, ընթանում է բնականոն հունով, կամավորներն անցնում են մարտական պատրաստություն և մեկնում առաջնագիծ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից:
Հոկտեմբերի 26-ին արդեն ԱՄՆ ջանքերով հայտարարվեց երրորդ զինադադարի հաստատման մասին, որը, ինչպես պարզվեց, կրկին տապալվեց թշնամական գործողությունների արդյունքում։