Այսօր մարտական գործողությունները շարունակվել են ողջ ռազմաճակատի երկայնքով, սակայն ոչ մեծ ինտեսիվությամբ: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ հարավային հատվածում Բերձորից մինչև Արաքսի ափը ընկած ռազմաճակատային բնագծի ուղղությամբ եղել են որոշակի մարտական գործողություններ:
«Մեր Զինված ուժերին հաջողվել է դիրքերի բարելավում իրականացնել: Բացի դրանից Արցախի Մարտունու և Ասկերանի շրջանների անտառային զանգվածի հարակից գյուղերում շարունակվում են փոքր դիվերսիոն խմբերի դեմ ընթացող մարտական գործողությունները: Այսօր դրանք ընթացել են Ավետարանոց և դեպի Սղնախ գյուղի տարածքը հարակից բլուրներում և անտառային զանգվածներում»,- մասնավորապես նշել է Արծրուն Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ դիվերսիոն խմբերը ներթափանցում են տարբեր ուղղություններով և նրանց դեմ պայքարը ենթադրում է նոր մարտավարություն: