ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու և քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար։
Այդ մասին ԼՂՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ են տեղեկացրել:
Ըստ վարչապետի մամուլի խոսնակի, ԼՂՀ պաշտոնաթող նախագահները առաջարկել են, որ հնարավոր այցի արդյունքները քննարկվեն Հայաստանի և ԼՂՀ նախկին և ներկա ղեկավարների հանդիպման ժամանակ: Վարչապետ Փաշինյանը, ընդգծելով, որ չի կարող խոչընդոտ հանդիսանալ ի նպաստ Հայաստանի և Արցախի հնարավոր որևէ քայլի՝ համաձայնել է առաջարկությանը:
«Մեր տեղեկություններով պաշտոնաթող նախագահները դեռեւս Հայաստանից չեն մեկնել: Ամեն դեպքում, վարչապետը և կառավարությունը բաց են ստեղծված իրավիճակի հանգուցալուծման առաջարկների համար և երբեք չեն հրաժարվել նման առաջարկների քննարկումից»,- գրել է Մանե Գևորգյանը: