Երևանն անվտանգության հարցերով խորհրդակցության համար ՌԴ-ին դիմել է երկկողմ պայմանագրի շրջանակում: Խոսքը ՀԱՊԿ-ի ներգրավման մասին չէ: Այս մասին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը՝ տեղեկացնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ նա չի բացառել, որ խորհրդակցությունների ժամանակ կքննարկվի Ռուսաստանի կողմից Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու հայցը:
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Հաշվի առնելով մարտական գործողությունների Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկամամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը: