Եվրամիությունը հայտնել է, որ անհրաժեշտ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում վերսկսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քաղաքական բանակցությունները: Այս մասին ասված է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ, փոխանցում է ТАСС գործակալությունը։
«ԵՄ-ը կարծում է, որ ԼՂ հակամարտության բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում, անհրաժեշտ է վերսկսել ջանքերը»,- ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Եվրամիությունը մտադիր է ուշադիր հետևել Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին պայմանավորվածությունների դրույթների կատարմանը, հատկապես Ռուսաստանի և Թուրքիայի մոնիթորինգային կենտրոնի աշխատանքին:
Բորելը նաև հայտարարել է, որ ԵՄ-ը կոչ է անում ղարաբաղյան հակամարտության գոտուց դուրս բերել բոլոր օտարերկրացի գրոհայիններին՝ խնդրելով «տարածաշրջանային սուբյեկտներին ձեռնպահ մնալ ցանկացած գործողություններից կամ հռետորաբանությունից, որոնք կարող են սպառնալիքի տակ դնել հրադադարը»։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ, որի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։