Բաքվում քաջ գիտակցում են, որ Հադրութի շրջանը հայկական վերահսկողության տակ անցնելուց և այնտեղ հայկական զինուժի հզոր բնագծեր կազմակերպելուց հետո, համարյա անիմաստ է դառնալու Ջեբրայիլի, Ֆիզուլու, Զանգելանի Կուբաթլուի և Լաչինի շրջանների վերաբնակեցման ծրագրերը՝ հաշվի առնելով դրանց աշխարհագրական խոցելի դիրքը։ Այդ տարածքները խոցելի են լինելու նաև ադրբեջանական զինուժի ռազմական ներկայությունն ապահովելու տեսանկյունից։ Այս մասին գրել է ցեղասպանագետ Հայկ Դեմոյանը՝ նշելով, որ ադրբեջանական բոլոր հավակնոտ ու ագրեսիվ քայլերին պետք է պատրաստ լինել դիմակայել ու հակազդել ըստ արժանվույն՝ հիմնական նպատակ ունենալով Հադրութի շրջանի վերադարձը հայկական վերահսկողության ներքո՝ ԼՂԻՄ սահմաններում։
«Այս պահից սկսած հատուկ ազգային ծրագիր պետք է մշակվի Հադրութի և շրջակա գյուղերի հայ բնակչության արագ վերադարձի, ավերված բնակավայրերի վերականգման ու դրամական փոխհատուցումներ տալու համար։ Զինվորականներն էլ, իրենց հերթին, կիմանան առաջնահերթ անելիքները։ Սյունիքի սահմանների մոտ տագնապի ստեղծումը նպատակ ունի նաև չեզոքացնել Հադրութի ուղղությամբ հայկական ներկայությունը վերականգնելու փորձերը։ Յուրաքանչյուր գյուղ պետք է ունենա իր սփյուռքյան համայնք-հովանավորը։ Նույնը կարող ենք ասել նաև Շուշիի պարագայում»,- գրել է Դեմոյանը։
Ըստ ցեղասպանագետի՝ զինադադար կնքելու հիմնական պայմաններից մեկը պետք է լինի Հադրութի շրջանից ադրբեջանական զինուժի դուրսբերումն ու փախստականների վերադարձը։ Առանց այդ պայմանների, հայկական կողմը դառնալու է պայմաններ կատարող, այլ ոչ թե թելադրող կողմ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, Մարտակերտի շրջանից։