Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում նախօրեին Կովսականի ուղղությամբ (Զանգելան) հայտնաբերվել է 14 զինծառայողի դի։
Այս մասին Armenia Today-ին հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
Նա տեղեկացրեց, որ վաղը որոնողական աշխատանքները կշարունակվեն Ասկերանի շրջանում, Հադրութում, Մարտունիում, Մեխակավանում (Ջաբրայիլ), Որոտանում (Ղուբաթլու): Հադրութում աշխատելու է 2 խումբ՝ մեկը որոնելու է թաքնվածներին՝ լեռնաանտառային հատվածներում, տների նկուղներում, երկրորդն առաջնագծում փնտրելու է զոհվածների մարմինները:
Թադևոսյանը հայտնեց նաև, որ որոնողական աշխատանքների արդյունքում մինչ այժմ գտնվել է 1207 աճյուն։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիերի փոխանակում: