ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը «5-րդ» ալիք հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ներկայացրել է պաշտոնից հրաժարվելու պատճառները։
«ԱԱԾ-ի նկատմամբ չկար վստահություն։ Այդպես եմ հասկացել վարչապետի հետ շփումներից, այդ պատճառով գտնում եմ, որ այդ պաշտոնը պետք է զբաղեցնի քաղաքական թիմի անդամ, որպեսզի կառույցը նաև խուսափի անհարկի քննադատություններից»,-նշել է Համբարձումյանը։
Մյուս երկու պատճառներին Համբարձումյանը հարցադրումների տեսքով է անդրադարձել․ «Ես պատճառ չէի գտնում, թե ինչո՞ւ չի կանգնեցվում պատերազմը։ ԱԱԾ-ն և ՊՆ-ն ամենօրյա ռեժիմով վարչապետին զեկուցում էին ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին։ Ես պատասխան չէի գտնում այդ հարցի վերաբերյալ»։
Համբարձումյանն անդրադարձել նաև իր հրաժարականի երրորդ պատճառին․ «Այդ պայմաններում ի՞նչ է հետապնդում իշխանությունները պատերազմը չկասեցնելով, ո՞ւր ենք մենք գնում։ Ստեփանակերտն ենք կորցնելու, հյուսիսային շրջաններն ենք կորցնելու, ո՞ր կետից պետք է որոշումն ընդունվի։ Այս հարցերի պատասխաններն էին, որոնք իմ մեջ պաշտոնից հրաժարվելու ցանկություն առաջացրեց»,-ընդգծել է Համբարձումյանը։
Նշենք, որ նոյեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանն ազատ կարձակվի զբաղեցրած պաշտոնից:
Ավելի ուշ՝ նոյեմբերի 12-ին, Համբարձումյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին, որոնք պետք է լեգիտիմացնեն Հայաստանի ղեկավարությանը։ Դեկտեմբերի 17-ին Համբարձումյանը միացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ԱԱԾ նախկին մի խումբ աշխատակիցների, իսկ դեկտեմբերի 20-ին ԱԱԾ նախկին ղեկավարը լրագրողների հետ զրույցում «Եռաբլուր» պանթեոն կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ առաջիկայում ասուլիս կտա, որտեղ կպատմի իր հրաժարականի պատճառների մասին: