Չնայած, Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով հավաստիացումներ են հնչում, թե իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը վտանգված չէ, սակայն, սոցիալական հարթակներում հերթական տեսանյութն է տարածվել, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիներն այս անգամ արդեն Հադրութի շրջանում հայկական խաչքար ոչնչացնում։
ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանի պնդմամբ՝ միջազգային հանրությունը, այդ թվում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ն, անտարբեր են տեղի ունեցողի հանդեպ։ Ինչպես Ազատության հետ զրույցում նշել է նախարարը, այս օրերին նախատեսված էր ՅՈւՆԵՍԿՕ-ի հատուկ հանձնախմբի այցը ադրբեջանցիներին անցած տարածքներ, սակայն, Ադրբեջանին հաջողվել է խափանել այդ ծրագիրը, ավելին՝ ամենաբարձր մակարդակով հայկական եկեղեցիները ոչնչացնելու քարոզ է տարվում։ Ղարախանյանի խոսքով՝ ստացվում է, որ միջազգային կառույցները կա՛մ ի զորու չեն, կա՛մ չեն ցանկանում կանգնեցնել մշակութային եղեռնը։
Ի դեպ, հայկական կողմը հաջորդ շաբաթ զեկույց է ներկայացնելու ՄԱԿ-ին, որտեղ թվարկվելու է, թե ինչ շարժական ու ոչ շարժական մշակութային արժեքներ են մնացել կորցրած տարածքներում, որոնց թիվը բավական մեծ է։
Մինչ միջազգային կառույցները գործի անցնեն, հայկական կողմը մտադիր է գործարքային առաջարկ անել ադրբեջանական իշխանությանը․ Արցախյան առաջին պատերազմից հետո հայկական կողմում են մնացել մեծ թվով ադրբեջանական կտավներ, որոնք պատրաստվում են, օրինակ, փոխանակել Շուշիի պատկերասրահի գեղանկարների հետ։