Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման ռազմական բուժաշխատողներն սկսել են պատվաստել խաղաղապահներին: Նախորդ օրը հատուկ ջերմային տարաներում «Sputnik-V» պատվաստանյութի շուրջ երկու հազար բաժին էր առաքվել հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանում՝ հետագա օգտագործման համար:
Պատվաստումն իրականացվում է երկու փուլով: Հունվարի 14-ից 31-ն ընկած ժամանակահատվածում պատվաստանյութի առաջին բաղադրիչը կտրամադրվի ամբողջ անձնակազմին, իսկ փետրվարի 1-ից 21-ը՝ երկրորդ բաղադրիչը:
Առաջին պատվաստանյութը ստացան Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաև բժշկական ստորաբաժանումների ռազմական անձնակազմը:
Լեռնային Ղարաբաղում գտնվող շտաբի բժշկական կենտրոնի ղեկավար, ավագ լեյտենանտ Ալեքսեյ Կրուչինինը շեշտեց, որ «…պատվաստանյութը մեզ է առաքվում սառեցված վիճակում։ Եթե հակացուցումներ չկան, ապա մարդը պատվաստվում է: Յուրաքանչյուր զինվոր գրանցված է, նրան տրվում է հատուկ վկայական, որում նշվում են պատվաստանյութի առաջին, իսկ հետագայում` երկրորդ բաղադրիչների ներդրման ժամկետները: Պատվաստումներից հետո յուրաքանչյուր խաղաղարար 30 րոպե վերահսկվում է՝ համոզվելու համար, որ ալերգիկ ռեակցիա չկա»:
Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված համաձայնագրերով, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվել է ամբողջական հրադադար: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայված է՝ վերահսկելու Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը: