Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից
տեղեկացնում են, որ այսօր սակրավորական ջոկատները ռազմամթերքի վնասազերծում են նախատեսում Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում, ինչպես նաև Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում:
«Պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: Ուստի խնդրում ենք խուճապի չմատնվել:
Սակրավորական ջոկատներն աշխատում են ամեն օր՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 18:00-ն:
Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911, 101, 112 կարճ հեռախոսահամարներին»,-հայտնում են ծառայությունից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: