Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նախօրեին ռուս խաղաղապահներն ուղեկցել են Հայաստանից Լեռնային Ղարաբաղ վերադարձող տեղահանվածների ևս մեկ շարասյուն։
Ընդհանուր առմամբ, մոտ 50,000 քաղաքացի է վերադարձել իրենց բնակավայրեր: Նշվում է, որ նախօրեին Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 189 տեղահանված:
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:
«Դիտարկումն իրականացվում է շուրջօրյա, հրադադարի ռեժիմի պահպանման հսկողությունը դիտարկվել է քսանչորս դիտակետերում»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: