ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է Ադրբեջանի Հանրային հեռուստառադիոընկերության խնդրանքին՝ մեկնաբանել Հայաստանի պաշտոնական անձանց այցերը Լեռնային Ղարաբաղ։ Նա ասել է․
«Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ առկա բոլոր պայմանավորվածություններում, և, առաջին հերթին, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված է կողմերի համաձայնությունը, որ կապահովվի Հայաստանի և Լեռնաային Ղարաբաղի միջև կապը՝ Լաչինի միջանցքով, որը կգտնվի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո։
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կապը երբեք որևէ մեկը չի հերքել․ Տասնամյակներ շարունակվող բանակցություններում երբեք Լեռնային Ղարաբաղից Հայաստանը կտրելու հարց չի եղել։ Հենց այդ պատճառով Լաչինի միջանցքը որպես կոնցեպցիա ոչ մեկի կողմից չի մերժվել, այդ թվում՝ մեր ադրբեջանցի հարևանների։ Նույն կերպ շուտով կլինի նոր երթուղի, որը մշտական եւ հուսալի կապ կհաստատի Ադրբեջանի հիմնական տարածքի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Եթե մենք համաձայն ենք, որ պետք է կապ լինի Ղարաբաղի հայերի եւ Հայաստանի հայերի միջև, ապա ես պատճառներ չեմ տեսնում, թե ինչու պետք է խոչընդոտել այդ մակարդակով իրականացվող շփումներին», – ասել է Լավրովը։
Հայ պաշտոնյաները, ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, ներգրավված են Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործընթացում, ինչը ոչ մի բացասական էմոցիա չի առաջացնում Բաքվում, և տարօրինակ կլիներ, եթե հակառակը լիներ, ասել է Լավրովը:
Նշենք, որ այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2020 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է մի շարք խնդիրների, նաև պատասխանել ռազմագերիների վերադարձի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին հարցերին։