Արցախում աշխատանքի խրախուսման նպատակով սահմանվել է պետական աջակցություն այնտեղ գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերությունների համար՝ վարձու աշխատողների եկամտային հարկի փոխհատուցման մասով։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը։
Մասնավորապես, 2021թ. հունվարից սկսած՝ 6 ամիս ժամկետով, յուրաքանչյուր ամիս ընկերությունների կողմից վճարված եկամտային հարկի ամբողջ ծավալով կտրամադրվի աջակցություն։ Արդյունքում, ընկերությունները եկամտային հարկի մասով փաստացի ծախս չեն իրականացնի։
«Սա կարևոր խթան է բիզնեսի համար, որը հնարավորություն կտա պահպանել գործող աշխատատեղերը, ինչպես նաև կնպաստի նորերի ստեղծմանը։ Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ նաև Արցախում նոր ստեղծվող ընկերությունները՝ օգտվելով այս բացառիկ հնարավորությունից»,-նշված է հաղորդագրության մեջ։