«ՀՀ-ի և Արցախի անվտանգային հարաբերություններում ոչինչ չի փոխվել, բայց ակնհայտորեն ավելացել է նոր գործոն․ դա ռուս խաղաղապահների ներկայությունն է Արցախում, ինչը միանշանակ դրական է։ Այդ ներկայությունը կոնկրետ անվտանգային խնդիրների համար է ընդունվել»,-այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցադրմանը՝ արդյո՞ք Հայաստանը մնում է Արցախի անվտանգության երաշխավորը։
Վարչապետն ընդգծել է, որ նաև ՀՀ որոշման արդյունքում են ռուս խաղաղապահները հայտնվել Արցախում։ Ըստ նրա, դա հենց այն գործոնն է, «որով Հայաստանը կարողանում է լիարժեք կատարել այդ մասով Արցախի անվտանգության երաշխավորի իր գործառույթը»։ Ուստի, ըստ վարչապետի, Արցախում ռուս խաղաղապահների հայտնվելը ոչ թե բացառում է ՀՀ-ի՝ որպես Արցախի անվտանգության երաշխավորի դերը, այլ, հակառակը, դրա մի բաղադրիչն է։