Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում կայանված «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայում գլխի հատվածում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչի դի։ Այս մասին հայտնում է ԱՀ Քննչական կոմիտեն։
Լրատվամիջոցներով տարածված տեղեկության համաձայն՝ տղամարդը Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության ծառայության նախկին աշխատակից Արթուր Ապրեսյանն է։
«2021թ. հունվարի 22-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում կայանված «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղում գլխի հատվածում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է Ստեփանակերտ քաղաքի 1985թ. ծնված Արթուր Աշոտի Ապրեսյանի դիակը, որի աջ ձեռքում առկա է եղել ատրճանակ»,-մանրամասնել են ԱՀ քննչական կոմիտեից։
Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական խումբը՝ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնի պետի գլխավորությամբ:
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել քրեական գործ՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը):
Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ: