Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Պարգև Սրբազանի` Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվելու լուրին:
Հարությունյանը գրել է, որ Արցախում խոր ափսոսանքով են ընդունել Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ազատվելու լուրը:
«Ավելի քան երեք տասնամյակ հայրենանվեր առաքելություն իրականացնելով Արցախում՝ Պարգև Սրբազանը դարձել է սեփական հողի վրա ազատ ու խաղաղ ապրելու և արարելու, ազգային ինքնության և հավատքի պահպանման ու ամրապնդման համար պայքարող հայ ժողովրդի, դարեր շարունակ մաքառող ու վերածնված Արցախի խորհրդանիշը: Մեծ հայրենասերի ու հայի այդ կերպարը հենց այդպես էլ կմնա մեր նորագույն պատմության հերոսական էջերում և յուրաքանչյուր հայի սրտում», – նշել է Հարությունյանը:
Արցախի նախագահը խոր երախտագիտություն է հայտնել Պարգև Սրբազանին և քաջ առողջություն մաղթել նրան։
«Վստահ եմ՝ Արցախը միշտ կլինի Ձեր հոգում, աղոթքներում ու գործերում, որտեղ էլ որ լինեք»,- գրել է Հարությունյանը:
Նշենք, որ Պարգև Սրբազանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով հայրապետական նվիրակ։