ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հարցազրույց է տվել «Մեդիամաքսին», որում մեկնաբանել է իր արած «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» արտահայտությունը՝ ասելով․
«Մոտ մեկ ու կես տարի առաջ ԱՄՆ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունն արձագանք էր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ արցախյան խնդիրը պատերազմի միջոցով լուծելու հայտարարություններին, որոնք «հիմնավորվում էին» բանակցությունների անարդյունավետությամբ:
Որքան էլ պնդեն Ալիեւը եւ հայաստանյան քաղաքական որոշ գործիչներ, այդ հայտարարությունը բանակցությունների ձախողման եւ պատերազմի վերսկսման առիթ հանդիսանալ չէր կարող։ Նույն տրամաբանությամբ՝ պատերազմ կարող էր սկսվել ամեն օր, քանի որ Ադրբեջանի ղեկավարները մշտապես խոսում էին խնդրի ռազմական լուծման մասին։ Ավելին, տասնամյակներ շարունակ աշխարհում «չեն նկատում» Ալիեւի այն հայտարարությունները, որ «Երեւանը պատմական ադրբեջանական տարածք է»:
Այն մասին, որ Տոնոյանին մեղադրում են դավաճանության մեջ՝ համարելով, որ նա չպետք է աշխատեր Նիկոլ Փաշինյանի կառավարությունում, ասել է, որ առաջնորդվել է բացառապես պարտքի զգացումով: Աշխատել է հանուն ՀՀ-ի, շատերը կարծրատիպային պատկերացումներ ունեն պետական ծառայության մասին՝ հատկապես պաշտպանության եւ անվտանգության ապահովման ոլորտներում, կամ էլ առաջնորդվում են այլ դրդապատճառներով եւ շահերով: Հակված եմ դիտարկել այլ շահերի վարկածը, քանի որ տեսնում եմ, թե ինչպիսի ջանասիրությամբ եւ հետեւողականությամբ են հայկական մեդիադաշտ բերվում ադրբեջանական տելեգրամյան ալիքներում սկիզբ առնող հերյուրանքները՝ իմ եւ ընտանիքիս մասին:
Որքանով է համարժեք համարում Տոնոյանը Տավուշում հուլիսյան մարտերի PR-արշավը, որը չէր կարող հավելյալ անհանգստություն չպատճառել Ադրբեջանին եւ Թուրքիային, նա ասել է․
««PR-կամպանիան» ու Ադրբեջանին եւ Թուրքիային «լրացուցիչ անհանգստությունը» վերջին բաներն էին, որ մեզ՝ Զինված ուժերի ներկայացուցիչներիս, հետաքրքրում էին։ Ռազմական նպատակների հասնելու տեսանկյունից ԶՈւ գործողությունները եղել են գրեթե անթերի: Բայց մեզ համար անսպասելի էր Ալիեւի եւ ադրբեջանական էլիտայի անհավասարակշիռ կեցվածքը, որին գումարվեցին Թուրքիայի բավականին կոշտ «եղբայրական» հավաստիացումները՝ Հայաստանին պատժելու վերաբերյալ՝ «տարածաշրջանային իրողություններին չտիրապետելու եւ իրավիճակը ապակայունացնելու»։
Պատերազմի ողջ ընթացքում Տոնոյանը մշտական կապի մեջ է եղել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Եղել են օրեր, երբ օրական մի քանի անգամ են խոսել հեռախոսով: Պաշտպանության ոլորտի թեմաներից բացի, ՌԴ պաշտպանության նախարարի հետ մշտական աշխատանքային կապի շնորհիվ հաջողվել է լուծել մի շարք այլ կարեւոր հարցեր: