«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ակտիվորեն եղել է ռազմական գործողությունների կիզակետում, սակայն երևի ինքն էլ է եղել խաբված, լուրերը, որ մատուցվում էին իրեն, սուտ էին»,-այս մասին ասուլիսի ժամանակ նշել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։
«Կոնկրետ նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ինքը եկավ Շուշի՝ ծանոթանալու, թե ի՞նչ է կատարվում, այդ ժամանակ ապաստարանում Սեյրան Օհանյանը ներկայացրեց, որ վիճակն անտանելի է, օրհասական պահ է ստեղծվել, ինքը (Ա․ Հարությունյանը – խմբ․) լսեց, ապա մի գնդապետ կար, այդ գնդապետից հարցրեց, նա էլ ասաց՝ հոյակապ է։ Սպորտդպրոց կար, որտեղ պահեստազորայիններ էին, հրաժարվում էին դիրքեր գնալ, բայց Հարությունյանը գնաց հանդիպեց այդ մարդկանց, ոգևորեց, նրանք էլ համաձայնեցին գնալ դիրքեր»,- նշեց Սարգսյանը՝ ընդգծելով, որ այն, որ զեկուցվել է, թե վիճակը լավ է, դա հանցագործություն է։
Շուշիի քաղաքապետը մանրամասներ է հայտնել նաև քաղաքի անկման հիմնական իրադարձությունների մասին։
«Ես, որ գնացել եմ Քարին տակի լեռնաշղթա, տեսել եմ, որ ականանետեր չկան։ Մի քանի օր առաջ այդտեղ դիրք էինք պահում, շատ լավ էր։ Հետո մեզ հանեցին, ասելով, որ «Ցոր»-ի ականանետային զորքերը կգան փոխարինելու, հետո պատահականորեն տեսել ենք, որ դիրքերը չկան։ Արդեն՝ 15-20 մետրի վրա մարտեր ենք վարել։ Այդտեղ պաշտպանությունը հանված էր, ականանետը շատ լավ էր աշխատել, երբ ադրբեջանցիներն իրենց առաջին հարձակումներին էին սկսել»,-նշել է Սարգսյանը՝ հավելելով, որ մեր պարտության պատճառերից մեկն էլ այն էր, որ «մեկը մեկին չէր զեկուցում, անտեղյակություն էր»։
Անդրադառնալով Իսկանդերի հարվածելու մասին տեղեկություններին՝ քաղաքապետը նշել է, որ հաշվի առնելով այն, որ «Իսկանդերի կրակից կարող է 9 բալանոց երկարաշարժ լինել», ապա այն վստահաբար չի կրակել։ «Եթե Իսկանդերը գործարկվեր, Շուշիում չպետք է շենք մնացած լիներ, բայց դե շատ բաներ են ասել, և այդ նկարագրություններով Շուշին չպետք է կանգուն լիներ ընդհանրապես»,-նշել է Սարգսյանը։
Հիշեցնենք, որ պատերազմի վերջին օրերին և դրանից հետո լուրեր էին շրջանառվում, թե, իբրև, Շուշիի ուղղությամբ Իսկանդեր է գործարկվել։