Վեդիում այսօր՝ հունվարի 27-ին, Արցախում զոհվածների հիշատակի խաչքարի բացման արարողության ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի հերոսի կոչում շնորհեց սերժանտ Էդգար Մարկոսյանին:
«Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայություններ, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի Կոռնետ հակատանկային մարտկոցի հաշվարկի հրամանատար սերժնտ Էդգար Էդվարդի Մարկոսյանին շնորհել Արցախի հերոս բարձրագույն կոչում՝ հանձնելով Ոսկե արծիվ շքանշանը»,-նշել է Արայիկ Հարությունյանը:
Ըստ Հարությունյանի՝ Թալիշի ուղղությունում ընդամենը մի քանի օրվա ընթացքում խոցել է հակառակորդի 10 զինտեխնիկա: «Այդ օրերին ստացել է նաև ծանր վնասվածք, որ դեռ երկար պետք է կազդուրվի: Համոզված եմ՝ Էդգարը մեր ժամկետային այսօրվա հերոսն է»,-նշել է Հարությունյանը:
Նշենք, որ հոկտեմբերի 4-ին Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ ժամկետային զինծառայող Էդգար Մարկոսյանն արժանացել է «Արցախի հերոս» պատվավոր կոչմանը։