Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Բանակի օրվա առթիվ ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասված է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայրենյաց պաշտպանի այս սուրբ օրը ես գլուխ եմ խոնարհում հանուն հայրենիքի պաշտպանության իրենց կյանքը զոհաբերած մեր հերոս նահատակների սուրբ հիշատակի առջև, նրանց ծնողների, զավակների, կանանց, հարազատների, մեր ողջ ժողովրդի առջև: Կորուստը բոլորինս է, ցավը՝ նույնպես, թանկ ու անդառնալի կորստի ցավն անսահման խորն է ու անամոք:
Գլուխ եմ խոնարհում Պաշտպանության բանակի բոլոր զինվորների, սպաների, աշխարհազորայինների, կամավորականների առջև, որոնք օրհասական պահին հայրենիքի շահը վեր դասեցին ամեն ինչից՝ քաջաբար ու անվեհեր կանգնելով մահվան դեմ հանդիման:
Մենք խորապես շնորհակալ ենք բոլորին ու երախտապարտ, հպարտ ենք նրանց անմնացորդ նվիրումի, արիության ու խիզախության, նրանց մարդ տեսակի համար: Նման անձնուրաց ու հայրենասեր անհատների շնորհիվ է հարատևում ազգը, կերտվում պատմությունն ու ապագան: