Ռուսաստանը ելնում է նրանից, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման գործընթացում Մինսկի խմբի ձեւաչափի հեռանկարների մասին հարցին։
«Համանախագահները կարեւոր ներդրում են ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման գործում, որոնցից շատերն իրենց արտացոլումն են գտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Դա վերաբերում է նաեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանների վերադարձին Ադրբեջանին, փախստականների վերադարձին, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցքի պահպանմանը, անվտանգության ապահովմանը, խաղաղապահ գործողությանը, տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը», – նշել է Ռուդենկոն։
ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ նախկինի պես պահանջված է մնում համապարփակ քաղաքական կարգավորման հասնելու խնդիրը, որը ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի (1994 թ.) որոշումներին համապատասխան դրված է Մինսկի խմբի համանախագահների վրա։ «Եռյակն ունի հզոր միջազգային աջակցություն եւ կարող է օգտակար լինել հետագա քայլերի, այդ թվում՝ կարգավիճակի հարցերի վերաբերյալ փոխընդունելի մոտեցումների մշակման գործում։ Բայց զգույշ, չի շտապում, երբ ժամանակը գա: Այժմ ԵԱՀԿ Մինսկի խումբը, նրա համանախագահները կարող են ակտիվություն ցուցաբերել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ վստահության միջոցների ամրապնդման հարցերում։ Քաղաքացիական հասարակության շրջանակներում երկխոսության զարգացումը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր առողջացմանը եւ քաղաքական ուղու հետագա քայլերի նախադրյալների ստեղծմանը», – ընդգծել է Ռուդենկոն:
Ինչ վերաբերում է Անդրկովկասում Թուրքիայի ռազմական ներկայության ուժեղացման հետ կապված մտավախություններին, ապա, Ռուդենկոյի խոսքով, տարածաշրջանում Անկարայի հետ ռազմական գծով փոխգործակցությունը կառուցվում է հունվարի 30-ից Աղդամի շրջանում գործող ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շրջանակներում: «Նման կենտրոնի բացումը դիտարկում ենք որպես տարածաշրջանում իրադրության նորմալացմանն ուղղված համատեղ ջանքերի լավ օրինակ»,- ասել է Ռուդենկոն: