Լեռնային Ղարաբաղի ապագան Հայաստանի հետ էլ ավելի սերտ ռազմաքաղաքական համագործակցության մեջ է: Այս մասին ապրիլի 28-ին Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունում կայացած հանդիպմանը հայտարարել է հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Ըստ նրա՝ Ռուսաստանի հետ համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու անհրաժեշտություն կա, հատկապես հաշվի առնելով, որ Թուրքիան չի պատրաստվում լքել այս տարածաշրջանը: Ղարաբաղի ղեկավարը նշել է, որ անձամբ իր համար պատերազմի արդյունքներն ակնհայտ են դարձել 2020 թվականի հոկտեմբերի սկզբին, բայց Հայաստանում քաղաքական ուժերը չեն կարողացել համաձայնության գալ ռազմական գործողությունների վաղաժամ դադարեցման վերաբերյալ:
Ըստ Արայիկ Հարությունյանի՝ պատերազմը բոլորովին այլ արդյունքի կհանգեցներ, եթե միայն Ադրբեջանը կռվեր Արցախի դեմ, այլ ոչ թե թուրք-ադրբեջանական կոալիցիան՝ Մերձավոր Արևելքի վարձկանների հետ միասին:
Նա շեշտեց, որ Թուրքիան երբեք չի թաքցրել ռազմական գործողություններին իր մասնակցության փաստը: Թուրք պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են, որ Ադրբեջանի հետ միասին իրենց հաջողվել է «վերականգնել պատմական արդարությունը»:
Ինչ վերաբերվում է վարձկաններին, ապա, ինչպես շեշտեց Արայիկ Հարությունյանը, միայն Սիրիայից պատերազմին մասնակցում էին մինչեւ 7000 գրոհայիններ: Ընդհանրապես, խոսելով պարտության հիմնական պատճառների մասին, նա նշեց, որ 1994-ի մայիսյան զինադադարից հետո Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը դասեր չքաղեց համաշխարհային փորձից: