Ապրելու Արցախ հիմնադրամը Առաջին ալիքի և մեր համախոհ ընկերների հետ Արցախում և Արցախի համար սկսում ենք մի կարևոր նախաձեռնություն, որը կյանքի նոր որակ կստեղծի պատերազմի արհավիրքը վերապրած և ոչ մի դեպքում չհանձնված արցախցու համար, ով որոշում ունի՝ կյանքը շարունակել Արցախում։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։
«100 տուն նախագծի շրջանակում մենք աջակցելու ենք Արցախում նոր բնակավայրի կառուցմանը: Տեղահանված բազմանդամ 100 ընտանիք, ով ցանկություն կունենա բնակվել ինքնատիպ նախագծով, էկոլոգիապես մաքուր, փայտե առանձնատներում, կդառնա 100 տան ծրագրի շահառու։
Չնաշխարհիկ վայրը, որտեղ կառուցվելու է բնակավայրը, գտնվում է Դահրավ գյուղի մերձակայքում։ Այս նախագիծը նաև նոր շունչ կհաղորդի գյուղին՝ դարձնելով այն բազմամարդ և կյանքով լի։
Մենք լիահույս ենք, որ այս յուրահատուկ նախագիծը կդառնա հույսի ևս մեկ աղբյուր պատերազմի միջով անցած արցախցի մեր հայրենակիցների համար և կլինի յուրօրինակ հիշեցում այն մասին, որ քանի դեռ բաբախում է մեկ հայի սիրտ, Արցախը մենակ չէ․․․»։