Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել 2019 թվականին միջազգային և հայրենական հարթակներում բարձր արդյունքներ արձանագրած Արցախի մարզիկների ու մարզիչների պարգևատրման հանդիսավոր արարողություն:
Իր ելույթում նախագահ Սահակյանը նշել է, որ 2019 թվականին Արցախի մարզիկները լուրջ հաջողությունների են հասել՝ դառնալով աշխարհի, Եվրոպայի և Հայաստանի Հանրապետության տարբեր առաջնություններում հաղթողներ ու մրցանակակիրներ:
«Բոլոր այս հաղթանակները և՛ գոհացուցիչ են, և՛ պարտավորեցնող: Գոհացուցիչ են այն առումով, որ հաղթանակները վկայում են մեր երիտասարդների բարձր ֆիզիկական պատրաստվածության, հաղթանակի հասնելու հաստատակամության, ամուր ոգու, նրանց և, անկասկած, նրանց մարզիչների քրտնաջան ու արդյունավետ աշխատանքի մասին: Պարտավորեցնող են, որովհետեւ անհրաժեշտ է ոչ միայն պահպանել սահմանված նշաձողը, այլ նաև հետեւողականորեն կատարելագործել մասնագիտական վարպետությունը: Համոզված եմ, որ դուք ի վիճակի եք դա անել: Համոզված եմ, որովհետև ձեր կողմից գրանցված արդյունքները վկայում են, որ դուք աշխատասեր եք, համառ, երբևիցե չեք խուսափում դժվարություններից և ամենայն պատասխանատվությամբ եք վերաբերվում ձեր առջև ծառացած խնդիրների լուծմանը»,- ընդգծել է իր ելույթում Բակո Սահակյանը:
Հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Սահակյանը Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, մարզական հերթափոխի պատրաստման գործում ունեցած ավանդի համար ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հանձնել է ԼՂՀ վաստակավոր մանկավարժի, Ֆիզիկական կուլտուրայի սպորտի վաստակավոր գործչի և Վաստակավոր մարզչի կոչումների վկայականները: