Նոյեմբերի 25-ին ԱՀ Ազգային ժողովում կայացած 2020 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ներկայացնելով Արցախի զբոսաշրջության զարգացման ծրագրիրը, տեղեկացրել է, որ նախորդ տարվա համեմատ 800 հազարով ավելացել է Google-ում «Արցախ» բառի որոնումը:
Նախարարի խոսքով՝ վերջին տարիներին զբոսաշրջության խթանման և առաջխաղացման ուղղությունը ենթարկվել է լուրջ տրանսֆորմացիայի՝ էլեկտրոնային տիրույթում զանազան առաջարկների, հարթակների եւ պրոդուկտների ձեւավորման հետևանքով:
2020 թվականին թվային տիրույթում մարքեթինգային աշխատանքները հիմնականում ուղղված են լինելու «Ֆեյսբուք», «Ինստագրամ» սոցիալական ցանցերում, «Յութուբ» հարթակում Արցախի բրենդի առաջխաղացմանը։
Թվային մարքեթինգի կարևորագույն գործիք համարվող՝ SEO-ի և Google Adwords-ի և այլ միջոցների առաջխաղացման համար ևս ֆինանսական միջոցներ են հատկացվելու, ինչը ևս խթան է հանդիսանալու Արցախին առնչվող ինֆորմացիայի որոնման մակարդակը բարձրացնելու համար:
Աշխատանքներ են տարվելու, որպեսզի Google որոնական համակարգում «Արցախ» բառը փնտրելիս առաջնահերթ զբոսաշրջային և մշակութային ուղղությունները տեսանելի լինեն այցելուի համար.
Ըստ Լեռնիկ Հովհաննիսյանի՝ «Ղարաբաղ» բառն անգլերենով այսօր մոտ 8 միլիոն 150 հազար որոնում ունի:
Սակայն հիմնականում այդ բառն ասոցացվում է պատերազմի և հակամարտության հետ: Իսկ «Արցախ» բառը որոնվել է մոտ 4 միլիոն 910 հազար անգամ: «Արցախ» բառը փնտրելիս առաջին հերթին որոնումները ցույց են տալիս զբոսաշրջային ուղղությունները, պատմամշակութային հուշարձանները: