Նոյեմբերի 22-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Արցախի Հանրապետության 2020թ-ի պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի ներկայացումը խորհրդարանի մշտական հանձնաժողովներին և խմբակցություններին:
Ներկայացնելով երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը՝ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը նշել է, որ 2020թ-ի բյուջետային քաղաքականությունն ուղղված է լինելու տնտեսական աճի խթանման և տնտեսությունում աճի ներուժի աստիճանական բարձրացմանը:
Մինչ 2020թ-ին նախատեսվող ֆինանսական ցուցանիշների ներկայացնելը, ֆինանսների նախարարը նշել է, որ 2019թ-ի մակրոտնտեսական ցուցանիշների զարգացումները, մասնավորապես՝ ինը ամսվա արդյունքներով արձանագրված 14% տնտեսական աճը թույլ են տալիս ընթացիկ տարում ակնկալել ավելի բարձր տնտեսական աճի տեմպ, քան պլանավորված էր 2019թ-ի պետական բյուջեի նախագծով:
Անդրադառնալով 2020թ-ի ֆինանսական փաստաթղթին՝ Արթուր Հարությունյանը նշել է, որ 2020թ-ին կանխատեսվող համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կկազմի 375,6մլրդ դրամ՝ ապահովելով 8% իրական աճ, գնաճը՝ շուրջ 3%:
«Եկամուտները գալիք տարում կկազմեն 120մլրդ 906,5մլն դրամ, ծախսերը՝ 120մլրդ 775,6մլն դրամ: Պրոֆիցիտը նախատեսվում է 130,9մլն դրամ, որը կուղղվի նախկինում ներգրավված փոխառու միջոցների մարմանը»,-հայտնել է ֆինանսների նախարարը:
Ֆինանսների նախարարի խոսքով՝ կավելանա սոցիալական ոլորտին հատկացվող գումարը, ինչը պայմանավորված է 2020թ-ի հունվարի 1-ից կենսաթոշակների բարձրացմամբ: Հիմնական բազային կենսաթոշակի չափը կհաշվարկվի 18000 դրամ, 2019-ի 16000դրամի փոխարեն: Նախատեսվում է բարձրացնել նաև նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը՝ 68000դրամ, 2019թ.-ի 55000 դրամի փոխարեն:
2020թ-ի բյուջեով հունվարի 1-ից 10% -ով կբարձրանան նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող ուսուցիչների աշխատավարձերը:
Նիստին մասնակցել են նաև ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը և գործադիր իշխանության պատասխանատուներ: