Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լիագումար նիստում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ամփոփելով Արցախի նախագահի վերջին տարվա գործունեության արդյունքները, նշեց, որ Արցախի համար կարևորագույն նշանակություն ունի պաշտպանության համակարգը, որը մեծապես տուժել է 44-օրյա պատերազմի հետևանքով։
«Իմ լիազորությունների ստանձնման առաջին իսկ օրվանից ձեռնամուխ եմ եղել առաջնագծի կահավորմանը, հանդես եմ եկել նախաձեռնողականությամբ»,- նշեց Հարությունյանը։
Արցախի նախագահը հայտնեց, որ ահռելի աշխատանք է կատարվել նաև մինչև իր իշխանությունը, իսկ ինքը շարունակել է այդ աշխատանքները, և հաջողել է մինչև պատերազմի սկիզբն իրականացնել մի շարք կարևոր առաջնագծային կահավորումներ։
Արցախի նախագահը նշեց նաև, որ սեպտեմբերի 27-ին պաշտպանության նախարարի հետ պետք է այցելեր առաջնագիծ՝ շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով, իսկ արդեն սեպտեմբերի 28-ին նախատեսվել էր խորհրդակցություն՝ արդյունքներն ամփոփելու նպատակով։
Արայիկ Հարությունյանը փաստեց, որ պետական կառավարման համակարգի բոլոր մարմինները պատերազմի ժամանակ հաջողությամբ իրականացրել են իրենց լիազորությունները, իսկ ինչ վերաբերվում է թույլ տրված բացթողումներին և սխալներին, ապա, նախագահի խոսքով, դրանք ենթակա են առանձին և խորը վերլուծության։