Արցախի ժողովուրդը չի ընդունելու որևէ պայման, որ որևէ ձևով Արցախը մտնի Ադրբեջանի կազմ։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը:
Նա նշել է, որ ներկայումս Արցախում ստեղծված իրավիճակն ավելի դժվար է, քան նախապատերազմյան շրջանում, բայց դա չի նշանակում, որ արցախցիները հնարավորություն չունեն պայքարելու։
«Մեր ճանապարհն ավելի երկար է հիմա մեզ թվում, բայց, մյուս կողմից, մենք ունենք լրացուցիչ, այդ թվում՝ արտաքին քաղաքական հնարավորություններ մեր ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը շատ ավելի ընդգծված կերպով պաշտպանելու համար»,- ընդգծեց Բեգլարյանը։
Անդրադառնալով ռուս խաղաղապահների ներկայությանը՝ Բեգլարյանը նշեց, որ կարծում է, որ նրանց առաքելությունը 5 տարով չի սահմանափակվելու։
«Ես համոզված եմ, որ մենք այստեղ երկար ժամանակ ունենալու ենք ռուս խաղաղապահներ, որոնք երաշխավորելու են մեր անվտանգությունը, իհարկե՝ մեր ՊԲ-ն, Զինված ուժերն իրենց մասով երաշխավորում են և ժամանակի ընթացքում շատ ավելի արդյունավետորեն են երաշխավորելու, բայց մեր օրակարգը խաղաղ, բանակցային, քաղաքական գործընթացով մեր անվտանգության երաշխավորումն է, որին, հուսանք, Ադրբեջանը պատրաստ կլինի»,- նշեց Արցախի պետնախարարը։