Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը, դեկտեմբերի 10-ին ընդառաջ, հայտարարել է լուսանկարների և տեսանյութերի մրցույթ՝ «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով՝ նվիրված ԱՀ Սահմանադրության 13-րդ և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 71-րդ տարեդարձերին: Մրցույթին կարող են մասնակցել ԱՀ դպրոցների բոլոր աշակերտները:
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավար Տիգրան Բաղրամյանը Armenia today-ի հետ զրույցում նշել է, որ մրցույթն անցկացվում է 4-րդ անգամ: Նրա խոսքով՝ աշակերտները մեծ ակտիվությամբ են մասնակցում մրցույթին, որի հիմնական նպատակը աշակերտներին իրենց իրավունքների մասին իրազեկելն է:
Մրցույթն անցկացվում է Թուֆենկյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Ջուդիթ և Վիկտոր Սարյանների հովանավորությամբ, որոնք լուսանկարների և տեսանյութերի առանձին անվանակարգերում առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցներին հատկացնելու են 120.000-ական, երկրորդ հորիզոնականին՝ 80.000-ական, իսկ երրորդ հորիզոնականին՝ 50.000-ական ՀՀ դրամ կամ դրանց համարժեք մրցանակներ:
Մասնակցի նամակը ստանալուց հետո Պաշտպանի աշխատակազմը 24 ժամվա ընթացքում կհրապարակի նյութը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ (https://www.facebook.com/ArtsakhOmbuds/). պատասխան նամակով ծանուցելով մասնակցին հայտի ստացման մասին:
Դեկտեմբերի 3-ի ժամը 24:00-ի դրությամբ ամփոփվել են ֆեյսբուքյան էջում տեղադրված լուսանկարների և տեսանյութերի ստացած հավանումները, և ամենաշատ հավանում ստացած 8-ական լուսանկարներն ու տեսանյութերն անցնելու են երկրորդ փուլ.
Երկրորդ փուլում մրցութային հանձնաժողովը քննելու է ֆեյսբուքյան օգտատերերի ամենաշատ հավանումներին արժանացած 8-ական լուսանկարներն ու տեսանյութերը՝ խորագրին համապատասխանելիության և ստեղծագործականության չափորոշիչների հիման վրա որոշելով լուսանկարի ու տեսանյութի անվանակարգերի լավագույն 3 հայտերը: Մրցութային հանձնաժողովի կազմում են մի խումբ հանրային գործիչներ Արցախի ու Հայաստանի Հանրապետություններից և Սփյուռքից:
Ս.թ. դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարելու է հաղթողների անունները՝ նրանց տրամադրելով նախատեսված մրցանակները: Կսահմանվեն նաև խրախուսական մրցանակներ: