Հոկտեմբերի 31-ին մեկնարկել է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հերթական լիագումար նիստը: Նիստի օրակարգում են Հանրագրերի մասին (երկրորդ ընթերցում), «Գույքահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթները և Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Նախքան օրակարգի վերջին կետի քննարկմանն անցնելը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ «հաշվի առնելով այն հանգամանքը, որ գլխադասային հանձնաժողովում սույն հարցի քննարկման ժամանակ հղումներ են կատարվել ազգային անվտանգությանը վերաբերող թեմաներին, մշտական հանձնաժողովների նախագահների և խմբակցությունների ղեկավարների հետ աշխատանքային խորհրդակցության ընթացքում վերոնշյալ նկատառումներից ելնելով նախապատվությունը տրվել է հետևյալ ձևաչափին՝ այժմ կընդհատվի ուղիղ եթերով հեռարձակումը, սակայն այս հարցի քննարկման տեսագրությունը հասանելի կլինի նիստի ավարտից հետո»:
Հիշեցնենք, ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համախոհները նախաձեռնել էր ԱՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում փոփոխություն կատարելու գործընթաց: Սահմանդրության տվյալ մասերի փոփոխմամբ՝ ՀՀ քաղաքացիներին ևս որպես թեկնածու ընտրվելու իրավունք կտրվի Արցախի նախագահական և ԱԺ պատգամավորական ընտրություններում:
Ստորագրահավաքի արդյունքում հավաքված 21049 ստորագրություններից ԱՀ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը վավերական է ճանաչել 19934-ը:
ԱՀ ԿԸՀ-ի կողմից ստորագրությունների վավերականությունը հաստատելուց հետո նախագիծը ներկայացվել է ԱՀ ԱԺ-ին:
Հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը բացասական եզրակացությամբ ուղարկել է հերթական նիստի քննարկմանը: