ՀՀ կառավարությունը 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած Արցախի քաղաքացիներին սոցիալական աջակցության մի շարք ծրագրեր է իրականացնում։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը:
Նա նշել է, որ օգնության երեք ծրագրերն իրականացվում են դեռ անցյալ տարվա վերջից, իսկ երկուսն ավելացել են այս տարի։
Նա հիշեցրել է հանրությանն առավել հայտնի՝ 68 հազար դրամ +15 հազար դրա միանվագ օգնություն տրամադրելու ծրագրի մասին։ Այդ գումարը տրվում է արցախցիներին, որոնք բնակվում են թե՛ ԱՀ-ում, թե՛ ՀՀ-ում։
Անահիտ Գալստյանի խոսքով՝ ծրագիրն սկսել է իրականացվել անցյալ տարվա նոյեմբերի կեսերից։ Բացի այդ, վարչության պետը նշել է, որ շարունակվում է Արցախի բնակիչներին ֆինանսական աջակցության ծրագրի իրականացումը։ Խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնց ունեցվածքը հայտնվել է Ադրբեջանի կողմից գրավյալ տարածքներում:
Այս խմբում ընդգրկված քաղաքացիների համար ֆինանսական աջակցության չափը կազմում է 300 հազար դրամ՝ յուրաքանչյուր ընտանիքին։ Նա հայտնել է, որ մինչև 5 տարեկան բոլոր երեխաներին վճարվել է միանվագ 20 հազար դրամ օգնություն։ Այդ ծրագրերի իրականացմանը ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 49 մլրդ դրամ։ Բացի այդ, ևս 6,2 մլրդ դրամ ուղղված է Արցախի բնակիչների էլեկտրաէներգիայի և գազի ծախսերի վճարմանը։