Ժողովրդավարացման և ավելի մեծ ազատության պայմաններում ազգային խնդիրները պետք է դուրս գային ջրի երես։ Այս մասին «Հասկանալ վերակառուցումը, պաշտպանել նոր մտածողությունը» հոդվածում, որը հրապարակվել է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրում, գրել է ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը։
Նա խոստովանել է, որ սկզբում ԽՍՀՄ իշխանությունները թերագնահատեցին խնդրի մասշտաբներն ու սրությունը։
«Բայց երբ այն ի հայտ եկավ, մենք չէինք կարող գործել ճնշման և արգելքների նախկին մեթոդներով։ Մենք կարծում էինք, որ պետք է այլ ճանապարհով գնալ, մտածված ու կշռադատված մոտեցումներ փնտրել, գործել համոզելու մեթոդներով։ Դրանից մենք ելնում էինք, երբ 1988-ի սկզբին սրվեց Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Հակամարտության արմատները հին են, պարզ լուծում այն ժամանակ չուներ և հիմա չունի, թեև ինձ փորձում էին համոզել, որ դրան կարելի է հասնել սահմանների վերաձևման ճանապարհով։ Երկրի ղեկավարությունում եղել է միասնական կարծիք. դա անթույլատրելի է։ Ես կարծում էի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ պայմանավորվածության հասնելը հայերի և ադրբեջանցիների գործն է, իսկ միութենական կենտրոնի դերը՝ օգնել նրանց իրավիճակի կարգավորմանը, մասնավորապես, տնտեսական խնդիրների լուծման գործում։ Վստահ եմ, որ դա ճիշտ գիծ էր»,- նշել է Գորբաչովը։
Նա հավելել է, որ ո՛չ կուսակցական կառույցները, ո՛չ էլ երկու հանրապետությունների մտավորականները չեն կարողացել համաձայնության կամ գոնե երկխոսության ճանապարհ գտնել։
«Եվ նրանց հետին պլան են մղել ծայրահեղականները։ Իրադարձությունները ձնագնդի պես էին զարգանում։ 1988 թ. փետրվարի վերջին Սումգայիթ քաղաքում արյուն թափվեց։ Կոտորածը դադարեցնելու համար ստիպված եղանք զորքեր գործի դնել։ Այդ ընթացքում ՝ 1987-1988 թվականներին, ես ձգտում էի ազգամիջյան վեճերի նկատմամբ միասնական ժողովրդավարական մոտեցում մշակել։ Դրա էությունն այն էր, որ ազգային խնդիրները կարող են իսկապես լուծվել միայն քաղաքական և տնտեսական բարեփոխումների ընդհանուր համատեքստում։ Եվ պետք է ասել, որ սկզբում ազգային շարժումները Բալթյան հանրապետություններում, Մոլդովայում, Վրաստանում, Ուկրաինայում հանդես էին գալիս վերակառուցմանն աջակցության կարգախոսներով։ 1987-ին Միությունից դուրս գալու հարցը գրեթե ոչ ոք չէր դնում։ Բայց շատ արագ ազգային շարժումների սկսեցին վերցնել վերին անջատողական միտումները, իսկ հանրապետություններում կուսակցական առաջնորդները չեն կարողացել աշխատել ժողովրդավարության պայմաններում։ Դա դրսեւորվեց Վրաստանում, երբ 1989 թվականի ապրիլին մարդիկ դուրս եկան Թբիլիսիի փողոցներ և հրապարակներ։ Վրացական Կոմկուսի Կենտկոմի անդամներին պետք էր նաև դուրս գալ ժողովրդի մոտ, իսկ նրանք նախընտրեցին նստել բունկերում։ Եվ դժբախտություն տեղի ուենցավ. ուժ կիրառվեց հրապարակը ցուցարարներից «մաքրելու» համար, զոհվեց 21 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվեցին։ Այդ մասին դժվար է հիշել։ Բայց ես կարող եմ մաքուր խղճով ասել. հանրահավաքը ցրելու որոշումը կայացվել է իմ թիկունքում ՝ հակառակ իմ կամքին։ Այդ ժամանակ և հետո ես հաստատապես հավատարիմ էի իմ հավատքին.ամենաբարդ խնդիրները պետք է լուծել քաղաքական միջոցներով, առանց ուժի կիրառման, առանց արյան»,- ընդգծել է ԽՍՀՄ նախկին առաջնորդը: