Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Armenia Today-ի հետ զրույցում անդրադարձել է Արցախում անվտանգության, սոցիալական ապահովման, մարդու իրավունքների խնդիրներին։
-Վերջին շրջանում կանոնավոր բնույթ են ստացել ադրբեջանական զինուժի կողմից Արցախի բնակավայրերի և խաղաղ բնակիչների ուղղությամբ կրակոցները։ Ինչ միջոցներ են ձեռնարկվում նման միջադեպերի թիվը նվազեցնելու համար:
-Խոսենք նախ նրա մասին, որ ՄԻՊ-ը, մեծ հաշվով, չունի լծակներ նման միջադեպերի թե՛ քանակը, թե՛ բնույթը որևէ ձևով փոխելու համար, բայց պաշտպանն ունի իր լծակները դրանց մասին բարձրաձայնելու և մեր կառավարությունից պահանջելու, որ բոլոր լծակների գործադրմամբ թույլ չտա նման միջադեպեր։ Գրեթե չի լինում դեպք, որ ես չանդրադառնամ։ Տեղերում անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ առաջարկներ ենք ներկայացնում։ Կրակահերթերի տեղերում միջադեպերը հիմնականում կրում են վախեցնելու նպատակ, ոչ այնքան թիրախային կրակահերթեր են լինում, որքան, օրինակ, օդ են կրակում, որոշ տեղերում դիրքերն այնքան մոտիկ են գտնվում, դրանով ո՛չ հայկական կողմը, ո՛չ ադրբեջանական կողմը որևէ խնդիր չեն լուծում։ Ես եկել եմ այն եզրահանգման, որ այդ կրակոցների նպատակն է Ստեփանակերտի բնակչության շրջանում խուճապ տարածելը։ Ես սա կկապեմ նաև Ադրբեջանի նախագահի կողմից տարբեր հարցազրույցներում Արցախի բնակչության միտումնավոր նվազեցման տենդենցի հետ։ Ես այստեղ միտում եմ տեսնում, որ գնալով նրանց կողմից շրջանառության մեջ դրվի այն թեզը, որ Արցախի բնակչությունը քչանում է։ Կրակահերթերը ևս տանում են այն մտքին, որ այստեղ ապագա կառուցելը հնարավոր չէ, և պետք է թողնել-հեռանալ։ Սա «Արցախն առանց արցախցու» քաղաքականության դրսևորում է։ Սա էթնիկ զտման քաղաքականության բաղադրիչ է , որն իրականացվում է թե՛ տեղում, թե՛ տեղեկատվական դաշտում։ Պետք է իրականացվեն համապատասխան աշխատանքներ, որ բնակչությունը չտրվի այդ սադրանքներին, փորձի ավելի ռեալ կազմակերպել իր առօրյան։ Միջադեպերի վերաբերյալ թե՛ ռուսական զորակազմը, թե՛ Արցախի ՊԲ-ն տեղեկացվում է և ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ։ Եթե գրանցվող միջադեպերը եռակողմ կամ երկկողմ ֆորմատով կարգավորվեն, այսինքն՝ ադրբեջանական կողմն էլ, հայկական կողմն էլ աշխատեն ռուս խաղաղապահների հետ, միջադեպերի հեղինակներն էլ պատասխանատվության ենթարկվեն, ապա այդ միջադեպերն էլ չեն արձանագրվի։ Սակայն մինչդեռ այդպիսի մեխանիզմներ գործարկված չեն, միջադեպեր լինելու են։
-Ադրբեջանցիները 30 տարի շարունակ դաստիարակվել են հայերի հանդեպ ատելությամբ։ Այժմ կարելի՞ է արդյոք խոսել հայերի և ադրբեջանցիների խաղաղ գոյակցության մասին: Խնդրում ենք մեկնաբանել Բաքվի պահանջները Հայաստանի հետ խաղաղ պայմանագիր կնքելու մասին։
«Խաղաղ գոյակցության» մասին խոսք լինել չի կարող։ Դեռ մի տարի էլ չի անցել, թե ինչպիսի դաժանությամբ է ադրբեջանական ԶՈՒ-ն խոշտանգում հայ զինծառայողների մարմինները, և ոչ միայն զինծառայողների, այլև քաղաքացիական անձանց մարմինները, երբ վերջիններս չեն հասցրել լքել իրենց բնակավայրերը։ Ունենք գրանցված 39 դեպք, երբ տարեց մարդիկ չեն հասցրել դուրս գալ իրենց բնակավայրերից, արդյունքում՝ խոշտանգվել և սպանվել են ադրբեջանցիների կողմից։ Եվ այդ ամենից հետո խոսել «խաղաղ գոյակցության» մասին, որևէ հիմնավորում չունի։ «Խաղաղ գոյակցության» մասին խոսողները թող նայեն, թե ինչ է կատարվում ադրբեջանական սոցիալական մեդիայում, թե ինչպես են ծափահարվում հայերի սպանությունները։ Մի ժողովուրդ, որ 30 տարի դաստիարակվել է հակահայ քարոզչության տակ, այսօր չի կարող խոսել «խաղաղ գոյակցության» մասին։ Որևէ բանական էակ նրանց խոսքը չի կարող լուրջ ընդունել։ «Խաղաղ գոյակցությունն» առնվազն կարճաժամկետ հեռանկարում հնարավոր չէ։ Դրա համար Արցախի պարագայում պետք է հաշվի առնվի, որ այստեղ ապրում է 120 հազար հայ, և այդ հայերը ինքնորոշման ճանաչման իրավունքներ ունեն։ Եթե ճանաչեն մեր իրավունքները, մեր անվտանգությունը, դրանից հետո միայն հնարավոր կլինի խոսել խաղաղության, խաղաղության պայմանագրի մասին։