Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Armenia Today-ի հետ զրույցում անդրադարձել է Արցախում անվտանգության, սոցիալական ապահովման, մարդու իրավունքների խնդիրներին։
-Պարոն Ստեփանյան, խնդրում եմ ներկայացրեք Ադրբեջանի և Թուրքիայի կողմից լայնածավալ ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումները: Որ փուլում է գտնվում այդ տվյալների ամփոփման աշխատանքը։
-2020թ․ սեպտեմբերի 27-ից՝ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հենց առաջին օրվանից, ԱՀ ՄԻՊ աշխատակազմի կողմից նախաձեռնվել է փաստահավաք առաքելություն, որի նպատակն էր փաստագրել և միջազգային հանրությանը ներկայացնել Ադրբեջանի ԶՈւ-երի կողմից իրականացվող վայրագությունները։ Մինչև պատերազմի ավարտը հասցրել են հրապարակել մի շարք զեկույցներ, որոնցում ընդգրկված էին փաստեր թե՛ հայ ռազմագերիների, թե՛ հայ զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ Ադրբեջանի կողմից անմարդկային վերաբերմունքի, խոշտանգման դեպքերի վերաբերյալ։ Ներկայացվել են նաև պատերազմի ընթացքում երեխաների իրավունքների խախտումների, քաղաքացիական բնակավայրերի, ինչպես նաև մշակութային ժառանգության թիրախավորման վերաբերյալ։ Այս ընթացքում հասցրել ենք հրապարակել նաև երկու միջանկյալ զեկույց, որոնցում համապարփակ կերպով ներկայացվել են ադրբեջանական վայրագությունները։ Այս ուղղությամբ շարունակվել են աշխատանքները, և պլանավորում ենք մինչև սեպտեմբերի կեսը ունենալ երրորդ միջանկյալ զեկույցը, որն ավելի ընդգրկուն է լինելու ու ամփոփելու է այդ պահի դրությամբ մեր իրականացրած ամբողջական փաստահավաք աշխատանքների արդյունքները։ Իմ հայտարարություններում ու մեր կողմից պատրաստված փաստաթղթերում աշխատանքների վերաբերյալ մենք բարձրաձայնում ենք, բայց պլանավորում ենք ունենալ ամբողջական փաստաթուղթ, որը ամբողջական ու համապարփակ պետք է լինի Ադրբեջանի կողմից իրականացրած վայրագություններն արտաքին աշխարհին ներկայացնելու տեսանկյունից։
-Ինչպիսի՞ն էր պատերազմի ընթացքում և դրանից հետո հանրապետության բնակիչների իրավունքների խախտումների վերաբերյալ տվյալներին միջազգային կազմակերպությունների արձագանքը: Ինչպե՞ս եք գնահատում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և մարդու իրավունքների միջազգային կազմակերպության փոխգործակցությունն Արցախում:
-Շատ կարևոր հարց եք տալիս, որին մի քանի անգամ անդրադառնալու առիթ արդեն ունեցել եմ։ Թե’ պատերազմի ընթացքում, թե’ պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում միջազգային հանրության, մասնավորապես, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների աշխատանքը ոչ միայն բավարար չէ, այլև շատ հեռու է բավարար լինելուց։
Մենք 44 օր շարունակ Արցախից ամեն օր միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին կոչ էինք հղում առ այն, որ եթե անգամ իրենց մոտ կասկածներ կան, որ մեր կողմից ներկայացվող տվյալները իրականությանը չեն համապատասխանում, ապա շատ ցանկալի է, որ տվյալ կազմակերպություններն իրենց անկախ փորձագիտական խմբին ուղարկեին Արցախ, որը տեղում փաստահավաք աշխատանքներ կիրականացներ։ Դա թույլ կտար առաջին ձեռքից փաստեր հավաքել, ու ըստ այդմ, եզրահանգումներ անել։ Բայց պատերազմի ընթացքում դա տեղի չունեցավ։ Եթե ենթադրենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով պատերազմի ընթացքում չեն եկել, ապա պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում նրանց կրավորական կեցվածքն առավել քան դատապարտելի է։
Մենք տարբեր, այդ թվում՝ միջազգային հարթակներում խոսել ենք այդ մասին՝ նշելով, որ հարցին չպետք է մոտենալ զուտ տարածքային առումով։ Հարցին պետք է մոտենալ նաև մարդու իրավունքների ու ազատությունների առումով։ Բազմիցս ենք նշել, որ հենց Արցախի միջազգային մեկուսացումն է պատճառը, որ կոնֆլիկտն ընկալվում է որպես տարածքային վեճ, այնինչ` 44-օրյա պատերազմը ինքնին ցույց տվեց, որ սա ոչ թե տարածքային վեճ է, այլ հանուն կյանքի իրավունքի պայքար է։ 44 օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից կոպտորեն խախտվում էր Արցախի Հանրապետության հայ ժողովրդի կյանքի իրավունքը։
Այն արձագանքը, որը ստացել ենք միջազգային հանրությունից, շատ հաճախ երկակի է, անհասցե է և ամբողջական չի արտահայտում ստեղծված իրավիճակը։ Սրան եթե գումարենք այն հումանիտար կարիքները, որոնք առկա են Արցախում և դրանց ոչ պատշաճ արձագանքը միջազգային հանրության կողմից, ստացվում է, որ միջազգային հանրությունը և իրավապաշտպան կազմակերպություններն ուղղակի պարտության են մատնում մարդու իրավունքների պաշտպանության օրակարգը քաղաքական օրակարգերին։ Դրանով իսկ պայմանավորված՝ մուտք չեն գործում Արցախ, որ տեղում հասկանան, թե ինչ հումանիտար կարիքներ կան ու ինչով կարող են աջակից լինել, ինչը հենց նրանց մանդատներից է բխում։ Այսինքն` նրանք, որպես կազմակերպություններ, ունեն պարտավորություն արձագանքելու ու կանխելու մարդու իրավունքների կոպտագույն խախտումները։ Իսկ այն, որ նման խախտումներն Արցախում բազմաթիվ ու բազմատեսակ են, դրա մասին որևէ կասկած լինել չի կարող։