Ստեփանակերտի մոտ 30 տոկոսը զրկված է ջրամատակարարումից ։ Այս մասին ասվում է Արցախի Հանրային հեռուստատեսության ռեպորտաժում:
Նշվում է, որ հանրապետության մայրաքաղաքի ջրամատակարարումն իրականացվում է երեք գետերից: Դրանցից երկուսում ներկայումս ջրի մակարդակը նվազել է գրեթե կրկնակի, իսկ երրորդը՝ չորացել։
Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Սամվել Ղուլյանի խոսքով՝ ջրի հետ կապված խնդիրները կապված են ոչ թե մարդկային գործոնի կամ տեխնիկական հագեցվածության, այլ բացառապես անոմալ շոգի հետ։ Նա հայտնել է, որ ներկայումs քաղաքում գործի են դրված բոլոր արտեզյան հորերը, որոնք աշխատում են արտակարգ ռեժիմով:
Առկա ռեսուրսների խնայողության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Ստեփանակերտում դադարեցվել է ավտոլվացման կետերի աշխատանքը, օգոստոսի 8 – ին անջատվել է 32 նման կետերի ջրամատակարարումը, իսկ օգոստոսի 9-ին՝ մոտ 20:
Ինչպես հայտնել է ջրամատակարարման կազմակերպության տնօրեն Գագիկ Պողոսյանը, Ներկայումս Ստեփանակերտում դադարեցվել է 74 բազմաբնակարան շենքերի և 4 շրջանների ջրամատակարարումը: Նա բնակչությանը կոչ է արել խնայողաբար օգտագործել ջուրը՝ ընդգծելով, որ ամեն ինչ արվում է ջրամատակարարման շուտափույթ վերականգնման համար։